2008 թվականին Անի Գեւորգյանը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողուհի էր, երբ ընտանիքի անդամների հետ սկսեց ակտիվորեն հետաքրքրվել քաղաքական գործընթացներով:
Հենց այդ ժամանակաշրջանում առաջարկ ստացավ որպես լրագրող աշխատանքի անցնել «Հայք» օրաթերթում:
Խմբագրությունում նկատեց մյուսների կողմից անտեսված թվային տեսախցիկը, սկսեց նաեւ ֆոտոլրագրությամբ հետաքրքրվել: Այժմ աշխատում է «Չորրորդ իշխանություն» օրաթերթում:
Նաեւ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական կառույցի տեղեկատվական հանձնաժողովի պատասխանատուն է:
«Տեսախցիկը լուրջ գործիք դարձավ ինձ համար, քանի որ դրա միջոցով կարողանում էի ֆիքսել հարձակումները ակտիվիստների, զանգվածային միջոցառումների ներկայացուցիչների վրա: Այսինքն` սկզբում լուսանկարչությունը հիմնականում հանցագործություններն արձանագրելու նպատակին էի ծառայեցնում»:
Անի Գևորգյանը ոստիկանների հետ շփվել է մի քանի քրեական գործի շրջանակում. երկու անգամ բերման է ենթարկվել մասնագիտական գործունեություն իրականացնելիս, իսկ այս տարվա ամանորի գիշերը նրանց տնից գողացել էին իր եւ եղբոր աշխատանքային տեխնիկան՝ տեսախցիկներ, համակարգիչ, էլեկտրոնային կրիչներ:
Գողության վերաբերյալ քրեական գործը վերջերս կասեցվել է:
«Գործի կասեցումը փաստում է, որ գողությունը տեղի է ունեցել հստակ նպատակով ու հստակ հրահանգով: Դրա բացահայտումը, բնականաբար, հնարավոր չէ, քանի որ հանցագործները չեն կարող իրենք իրենց բացահայտել եւ իրենք իրենց պատժել»:
«Հայաստանում յուրաքանչյուր լրագրող մի օր կանգնում է ընտրության առաջ՝ շարունակել գործել որպես անկախ և բազմաթիվ խնդիրներ ունեցող լրագրող, թե՞ միանալ որեւէ հայտնի մեդիա ընկերության ու հստակ պատվերներ կատարել: Խոսքն, իհարկե, «օբյեկտիվ լրագրություն» ասվածի մասին չէ, այլ լրագրողի ներքին համոզմունքների»:
Տեքստն ու լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի