Գյումրու «Կինո Հոկտեմբերի» դահլիճում ապրիլի 2-ին արդեն 8-րդ անգամ նշվեց Խոսքի ազատության օրը:

Հանդիսության կազմակերպչական խորհուրդը, ուսումնասիրելով հանրությունից ստացված ավելի քան 25 առաջարկ, որոշեց պարգեւատրել.

Թեհմինե Ենոքյանին՝ հեռուստավավերագրության ոլորտում խիզախ աշխատանքի եւ իրավապաշտպանության թեմաներով թողարկած հեռուստաֆիլմերի համար:

Լրագրող Անի Գեւորգյանին՝ սկզբունքայնություն ցուցաբերելու, ոստիկանական կամայականություններին արժանապատվորեն դիմակայելու եւ իր լրագրողական իրավունքները հետեւողականորեն պաշտպանելու համար։

«Ազատություն» ռադիոյականի հայկական խմբագրությանը` 2015 թվականի ընթացքում ցուցաբերած օպերատիվության, հանրությանը տրամադրած բազմակարծության եւ հարուստ տեղեկատվության, ինչպես նաեւ հեռուստահաղորդումների շոշափելի զարգացման համար:

Արտակ Գեւորգյանին՝ արտահայտման ազատության իրավունքի կիրառման ինքնատիպ մտահղացման եւ ջանքերի համար:

Գեւորգ Սաֆարյանին` քաղաքացիական պայքարում արտահայտման ազատության իրավունքի օգտագործման համառության համար:

Ֆոտոլուր» ֆոտոգործակալությանը՝ 2015 թվականի ամռանը էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ժողովրդական բողոքի ժամանակ ստեղծած տպավորիչ ֆոտոշարքի համար:

Մհեր Արշակյանին` ինքնատիպ հրապարակախոսության համար

Հիշեցնենք, որ Խոսքի ազատության օրը ավանդաբար նշվում է Գյումրիում` սկսած 2008 թվականից, այն օրվանից, երբ համաժողովրդական հանգանակության եւ զորակցության շնորհիվ հնարավոր եղավ պաշտպանել տեղական ԳԱԼԱ հեռուստաընկերությունը իշխանությունների աննախադեպ հարձակումից եւ փրկել եթերազրկումից:

Անցած տարիներին Խոսքի ազատության օրվա հանդիսությունների ժամանակ պարգեւատրվել եւ խրախուսվել են մոտ երկու տասնյակ լրագրողներ, հասարակական գործիչներ ու զանգվածային լրատվամիջոցներ։