«Ճամփորդ» թերթի «7 հարց» խորագրի հյուրն է արվեստագետ, ֆոտոլրագրող, Հայաստանի լավագույն ուրբան լուսանկարիչներից մեկը՝ Անի Գեւորգյանը:
– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:
– Ժողովրդավարությունը, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը մի օր իրապես կդառնան հայկական եւ հայաստանյան իրականության լիարժեք բաղկացուցիչը:
– Եթե Դուք լինեիք Երեւանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:
– Եթե քաղաքապետ լինեի, կհանձնարարեի տարածքներ՝ սրահներ տրամադրել ժամանակակից արվեստի աշխատանքների եւ լուսանկարների ցուցադրության համար, իսկ քաղաքապետի դիրքս էլ «կչարաշահեի»՝ այդ ցուցադրություններին մշտապես ներկա լինելու համար:
– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:
– Կարեւոր քայլերից եմ համարում խաղաղության ապահովումը, ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ու կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ մարդիկ գնում են ապրեըլու այնտեղ, որտեղ խաղաղ է, կա արդարություն եւ իրենց չեն թալանում:
– Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:
– Պապ թագավոր, Մխիթար Գոշ, Լեւոն Տեր-Պետրոսյան:
– Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:
– Մարտի մեկի էջը: Արդարության համար պայքարող քաղաքացիները չպետք է սպանվեին ու մնային պատմության այդ էջում:
– Ե՞րբ եւ ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:
– Ինձ անդադար զարմացնում է մարդու երեւակայության անսահմանությունը։
– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:
– Քննադատություն, ինքնաքննադատություն, համբերություն: